20 02 2019

Հասարակական տրանսպորտում տեսախցիկներ կարող են տեղադրվել

Հասարակական տրանսպորտում տեսախցիկներ կարող են տեղադրվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2018-ի ընթացքում արձանագրված հափշտակության դեպքերի շարժընթացը: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Արձանագրվել է, որ նշված վարչական շրջանների տարածքում անձնական գույքի հափշտակության դեպքերն ավելացել են 32,4 տոկոսով: Մասնավորապես, արձանագրվել է գողության 1120 դեպք՝ նախորդ տարվա՝ 849-ի համեմատ, այսինքն՝ դեպքերն աճել են 31,9 տոկոսով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 32,2 տոկոս:

Գողության դեպքերի աճի պատճառների բացահայտման նպատակով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից իրականացված վերլուծությունից պարզվել է, որ արձանագրված դեպքերի զգալի մասը՝ 30-35%-ը, կատարվել են հասարակական տրանսպորտում՝ երթուղային ավտոբուսներում՝ քաղաքացիների դրամապանակների, բջջային հեռախոսների և այլ իրերի գաղտնի հափշտակության ձևով:

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ հանցատեսակով հափշտակված արժեքները մեծ չափերի չեն լինում, սակայն առավել խնդրահարույց է հանգամանքը, որ հաճախ գրպանահատության զոհեր են դառնում երթուղային տրանսպորտով երթևեկող սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներ և ոչ այնքան բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները, որոնց համար նման կորուստն առավել զգալի է: Բացի դրանից, պարզվել է, որ տուժողների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց նկատմամբ արձանագրված հանցագործության յուրաքանչյուր դեպք բացասական է ազդում երկրի զբոսաշրջային իմիջի և ոլորտի զարգացման վրա:

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ գրպանահատության դեպքեր են արձանագրվում նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, այսինքն՝ խնդիրն ունի ընդհանրական բնույթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը միջնորդագրով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկելու հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ տեղադրելու առաջարկով:

Երևանի քաղաքապետարանից պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ շրջաբերական է ուղարկվել ներհամայնքային երթուղիներն սպասարկող ընկերություններին, որպեսզի հնարավորության սահմաններում տրանսպորտային միջոցների ուղեսրահում տեղադրվեն տեսանկարահանող սարքեր, ինչպես նաև 10-օրյա ժամկետում տեղադրվեն անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ