NEWS.am-ը գրել է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ նոր մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք տալու մասին հայտարարությանը:
Փաստաբանը նշեց, որ տեղյակ չէ, թե արդյոք Սիլվա Համբարձումյանը որևէ ցուցմունք տվել է Քոչարյանի դեմ, քանի որ անձին մեղադրանք առաջադրելիս, վարույթն իրականացնող մարմինը նկարագրվում է միայն մեղադրանքի էությունը։
Քոչարյանին մեղսագրվող կաշառք ստանալու ենթադրյալ արարքն ըստ փաստաբանի՝ վերաբերվում է 2008թ.–ի ժամանակահատվածին։
«Այսօր Սիլվա Համբարձումյանը գրեթե ամեն տեղ հայտարարում է, որ կապ չունի կաշառք տալու հետ»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին ներկայումս դատարանում Սիլվա Համբարձումյանի դեմ Քոչարյանի կողմից քաղաքացիական հայց կա ներկայացված զրպարտության վերաբերյալ։
Օրբելյանը միաժամանակ նկատեց որ իր համար անհասկանալի է, թե ինչու է կաշառք ստանալու մեղադրանքն առաջադրվել Մարտի մեկի գործի շրջանակներում։
«Չի բացառվում, որ Մարտի մեկի գործով գործընթացը լուրջ խոչընդոտների է հանդիպել և Քոչարյանի գործն ինչ-որ ձևով չքնացնելու համար ավելացրել են այս մեղադրանքը»,–ասաց նա՝ նշելով, որ Քոչարյանի գործով ՀՔԾ-ն առաջնորդվում է մեղավորության կանխավարկածով։
«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվում է անմեղության կանխավարկածը մեղավորության կանխավարկածով փոխելու մասին, և չի բացառվում Քոչարյանին նոր մեղադարքն առաջադրելն այս նույն կոնցեպտի շարունակությունն է, ինչը խիստ անհանգստացնող է»,-ասաց նա՝ շեշտելով, որ անմեղության կանխավարկածը ոչ մի դեպքում չի կարելի փոխարինել մեղավորության կանխավարկածով։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ՝ սահմանադրական կարգի տապալելու վերաբերյալ մեղադրանքից, Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 12–ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը