«Ռոբերտ Քոչարյանը մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր այդ ժամանակ․ մասնավորապես, աշխատանքներ էին տարվում, որ բանակը միանա ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, և ինքը հրավիրել է հրամանատարական կազմին և ցուցում տվել, որ բանակը չխառնվի պրոցեսներին։ Բացի այդ, ասել է՝ այն բարձրաստիճան սպաները, ովքեր պատրաստվում են շարունակել ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում պրոցեսներին մասնակցելուց»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-ին վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթին։
Հիշեցնենք, որ դատարանում քննվում էր երկրորդ նախագահի խափանման միջոցի դեմ փաստաբանների բողոքը։ Նախագահ Քոչարյանը հանդես է եկել երկժամանոց ելույթով։
Հայկ Ալումյանն ասաց․ «0038 հրամանին անդրադարձ եղել է, պարոն Քոչարյանը հստակ ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ հրամանի մեջ որևէ բան չկա, որը պետք է այդպես չլիներ, այլ լիներ ուրիշ ձևով։ Սակայն ինքը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես ՊՆ ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը ո՛չ իր ժամանակ, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբևիցե նման հրամաննները չեն ուղարկել նախագահական, որպեսզի ծանոթանա կամ իր մոտ ունենա ու պահի»։
Հարցին՝ ուրեմն մեղքը մնում է Միքայել Հարությունյանի վրա՞, փաստաբանը պատասխանեց․ «Կրկնեմ, որ նշված հրամանն իր մեջ չի պարունակում որևէ բնույթ, որի համար կարելի էր պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի բնույթ։ Ձեզ այդ հրամանի մասին պարզապես ապատեղեկացրել են, հասկանո՞ւմ եք։ Դրա մեջ չկա որևէ բան, որի համար կարելի էր ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկել, այլ ամաչել ուղակի։ 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա, երբ ծանոթանաք, ինձանից լավ կպատկերացնեք»։
Հարցին, թե այդ դեպքում ՀՔԾ-ն խեղաթյուրո՞ւմ է փաստերը, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Այո, բայց քննչական ծառայության ամենամեծ խախտումը դա չէ, ՀՔԾ այլ խախտումներ էլ է արել»։
Ինչ վերաբերում է բանակի ներգրամնաը, փաստաբանն ասաց․ «Հրամանի մեջ այդպիսի կետ չկա»։
Ինչ վերաբերում է 10 զոհերին, Հայկ Ալումյանն ասաց․ «Մինչև հիմա ոչ ոք չգիտի, և մեր գլխավոր պահանջներից է՝ 10 զոհերի մասին երբ խոսում է ՀՔԾ-ն, գոնե երևա, որ նրանց սպանողներին փորձում են փնտրել, ոչ թե օգտագործում են, որ զգացմունք շարժեն և ինչ-որ բանի փորձեն հասնել։ Ես մինչև հիմա չեմ տեսել, չեմ զգացել, որ ՀՔԾ-ն 10 սպանվածների սպանության հանգամանքների վերաբերյալ լույրջ քննություն է անում»։
Հայկ Ալումյանն ասաց, որ երբ լսում է մարտի 2-ին Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի միջև մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույցը և Տեր-Պետրոսյանի խանդավառությունը, չի բացառում, որ զոհերից ոմանք կարող են պատճառած լինել խռովարարները։ Խոսքը, ըստ նրա, հրազենից պատճառված մահվան մասին է․ «Հենց դատավճիռներից մեկով հաստատվել է, որ, օրինակ՝ ցերեկը ոստիկանին ծեծել են ու ձեռքից խլել ատրճանակը։ Տեսել եք տեսանյութը որ ցուցարարների շարքրից մեկը կրակահերթեր է արձակում ոստիկանական ուժերի ուղղությամբ։ Հենց այդ ամեն ինչը պետք է պարզվի։ Պարզված չէ, թե որ կողմից է սպանվածը եղել։ Եթե ցուցարար է սպանվել, դա դեռ չի նշանակում, որ սպանողը եղել է ոստիկանական ուժերի կողմից և հակառակը։ Դրա համար եմ ասում՝ մենք ենթադրությունների վրա չպետքէ հիմնվենք։ Պետք է սկզբում քննվեն 10 զոհերի սպանության հանգամանքները, նոր մնացած հետևություններն արվեն»։
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հատ առ հատ անդրադարձել է մեղադրանքի բոլոր դրույթներին, հերքել դրանք և այն դրվագները, որ արտացոլված են մեղադրանքում․ «Ինքն ասաց, որ, ըստ էության, այդ օրերին արել է երկու գործողություն՝ ամսի 23-ի խորհրդակցությունը և ամսի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն»։ Փաստաբանը շեշտեց, որ երկու քայլն էլ սահմանադրական կարգի տապալման դետալ չի պարունակում։ Ավելին, Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը մինչ օրս ոչ ոք ՍԴ-ում չի վիճարկել։
Մեղադրանքում կա, որ զինված ուժերը օգտագործվել են մինչև մարտի 1-ը։ Այնինչ, ըստ ալումյանի, բոլորը գիտեն, որ զինված ուժերը չեն օգտագործվել։
Կարծիքին, որ քաղաքում տանկեր են եղել, հակադարձեց․ «Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում, որ քաղաքում եղել են տանկեր, իրեն մեղսագրվում է բանակի օգտագործում։ Բոլորը գիտեն, որ համենայն դեպս մինչև մարտի 1-ը բանակը չի օգտագործվել։ Մինչև մարտի 1-ը ռազմական դրություն Երևանում որևէ մեկը տեսե՞լ է։ Գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ բանակին կրակելու հրաման չի տրվել։ Ոչ ոք չկա, որ ասի բանակին այդ օրերին կրակելու հրաման է տրվել»։
«Բոլոր հարցերը գալիս են նրանից, որ 0038 հրամանի մասին շատ եք լսել, բայց ոչ մեկը չի տեսել»,- հավելեց փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը