Բաղրամյան-26-ից գողացված հուշամեդալները վերադարձվել են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն:
«ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:
2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն):
Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել են դատամատնադրոշմային և դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել 2 տասնյակից ավել անձինք:
Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը