24 01 2019

Կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար. Արա Զոհրաբյան

Կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել ։ Նա մասնավորապես գրել է․

«ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել:

Նախագծի հիշյալ փոփոխությունն անընդունելի է հետևյալ երեք տեսակետից՝

1. ԴԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ - Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Փաստաբաններին ԱԱՀ-ով հարկելու դեպքում, 20 տոկոսով թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը բնականաբար կարող է սահմանափակել քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (հետևաբար դատական իրավունքի մատչելիությունը):

Որպես հետևանք, կրուկ կավելանա հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ:

2. ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ - Շրջանառության հարկի ռեժիմը, որով գործում են փաստաբանների մոտ 95 տոկոսը, պարզեցված է բոլոր առումներով:

ԱԱՀ ռեժիմի դեպքում, փաստաբանները ստիպված են լինելու հատուկ մասնագետների ծառայություններից օգտվել, ժամանակ ծախսել բարդ հաշվապահական ձևակերպումների վրա և հայտնվել հարկային մարմնի առավել խիստ վերահսկողության ներքո, ինչը վերջին իրադարձությունների ֆոնի վրա, կարող է ազդել փաստաբանի անկախության վրա:

3. ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԹԱՆԿԱՑՈՒՄ- Աուդիտորական գործունեության հետ փաստաբանական գործունեության համեմատումը տեղին չէ, քանի որ աուդիտորական կազմակերպությունների հաճախորդները միայն տնտեսավարող սուբյեկտներն են, որոց մեծ մասը կարող է ծառայության համար վճարած ԱԱՀ գումարը հետագայում հաշվանցել («ստանալ փոխհատուցում»), մինչդեռ փաստաբանների վստահորդների մոտ 90 տոկոսը ֆիզիկական անձինք են, որոնք իրենց վճարած ԱԱՀ գումարը չեն կարողանալու հետագայում հաշվանցել կամ փոխհատուցում ստանալ: Արդյունքում, քաղաքացիները թանկ են վճարելու:

Այս հարցով փաստաբանները վճռական են տրամադրված:

Ցավոք, տպավորությունն արդեն համոզմունք է դառնում, որ կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար»,- գրել է Զոհրաբյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ