Հունվարի 18-ին լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին և 23-ամյա Կարո Սարգսյանին։
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։
Դեպքի մանրամասներին լրացուցիչ կանդրադառնանք առաջիկայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը