18 01 2019

Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումն աննախադեպ էր. Ռուբեն Մելիքյան. Tert.am

Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումն աննախադեպ էր. Ռուբեն Մելիքյան. Tert.am

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, 2012-2013թթ-ին Եվրոպական դատարանի ներկայացուցչի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Սամվել Մայրապետյանի գործով որոշմանը, ըստ որի` Հայաստանի կառավարությանը շտապ կերպով պետք է ապահովի Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ, ասաց, որ չի հիշում դեպք, երբ նման գործիք կիրառվի ՀՀ-ի նկատմամբ:

«Չեմ հիշում, երբ գործի քննության սկզբնական փուլում, ըստ էության, պետությանը «հրահանգ» տրվի որոշակի գործողություն կատարել: Այս որոշման կայացումը, ըստ էության, աննախադեպ էր Հայաստանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխգործակցության այս տարիների ընթացքում»,- ասել է նա և նշել, որ մոտավորապես հարյուր վճիռ է եղել Հայաստանի վերաբերյալ գործերում, և որևէ գործում չի եղել նման գործիքի կիրառում:

Ռուբեն Մելիքյանը նշել է, որ այս որոշումը պայմանավորված է բացառապես Եվրոպական դատարանի գործերի նկատմամբ առաջնահերթություններ կիրառելու քաղաքականությամբ, և այս գործիքը կիրառվում է, եթե հատկապես վտանգ է սպառնում հատկապես կյանքի իրավունքին, խոշտանգման հետ կապված հարցերում:

Արցախի նախկին ՄԻՊ-ն ասել է, որ որքանով գործին ծանոթ է, առկա է բուժման անհրաժեշտություն, որը հնարավոր է իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս անձի նկատմամբ կիրառված է գրավը որպես խափանման միջոց, սակայն այդ շրջանակներում քննչական մարմինը արգելք է դրել անձի նկատմամբ, որ նա լքի Հայաստանի Հանրապետությունը: 

Հարցին, թե այստեղից կարելի է հետևություն անել, որ կա միտում քաղաքական հնչեղության գործերին առավել խիստ վերաբերել, Ռուբեն Մելիքյանն ասել է, որ կդժվարանա նման քաղաքական հետևություն անել:

«Կարծում եմ՝ էստեղ օրենսդրական առումով մի խնդիր էլ կա, որովհետև թույլտվություն է պահանջվում երկիրը լքելու համար, սակայն խնդիրը միայն օրենսդրական չէ, այլ կոնկրետ գործող քննիչի վարքագիծն է: Այսինքն՝ խնդիրը կոնկրետ գործը քննող քննչական մարմնի մեջ է, ոչ թե Հայաստանի»,- ասել է նա:

Հարցին, թե սա ամեն դեպքում անհատական խնդիր է, թե խոսում է ընդհանրապես քննչական մարմնի վարքագծի մասին, Մելիքյանը նշել է, որ ձեռնպահ կմնա ընդհանրական բնույթի հետևություններ անելուց, քանի որ այստեղ կոնկրետ հանգամանքների, կոնկրետ որոշման հետ գործ ունենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ