Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ:
Սրա կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից: Այս մասին ասված է ՓԲ մամուլի ծառայությունից:
Որոշմամբ արձանագրվել է, որ հասարակության մի հատվածի կողմից փաստաբաններին և դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը չի փոխվել: Առ այսօր այդ վարքագիծը շարունակվում է, իսկ գործադիր իշխանությունը համարժեք միջամտություն չի ցուցաբերում:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր անհանգստությունն է հայտնել նաև դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից և գտել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը նույնպես կարող է նպաստել այս բացասական վարքագիծը կանխելուն:
Հարցի քննարկման արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն որոշել է՝
1. Խստորեն դատապարտել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից:
2. Զորակցություն հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից:
3. Դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության մոտ իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը