Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը։
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը հայց էր ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթն է, որը վերաբերել է նաև Ռ․ Քոչարյանին, մասնավորապես հետևյալ արտահայտությունը․ «.... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռըն-մըխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ....»։
Պաշտպանի հայցադիմումը ուղեկցվում է միջնորդությամբ, համաձայն որի՝ պահանջվում է արգելել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ կապված հանգամանքները նախքան դրա ավարտը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ նման արգելանքը կարող է սահմանափակել վարչապետի արտահայտվելու ազատությունը։ Իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ անփոփոխ է թողել այդ որոշումը՝ համարելով, որ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, և շեշտել, որ հայցը ֆիզիկական անձ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ֆիզիկական անձ Նիկոլ Փաշինյանի (ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) դեմ է։
Մինչդեռ հայցվոր կողմը հիմնավորում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կատարել նմանատիպ հրապարակային հայտարարություններ, ապա Ռոբերտ Քոչարյանին կարող է էական վնաս պատճառվել, քանի որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքը մեծ լսարան ունի Հայաստանում և Սփյուռքում, ու հայցվորի վերաբերյալ նրա ցանկացած արտահայտություն շատերի կողմից ընդունվելու է որպես ճշմարտություն։ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է կոնկրետ քրեական գործով մեղադրյալ, և Փաշինյանի խոսքը կարող է էականորեն ազդել տվյալ գործի ընթացքի վրա և հանգեցնել անմեղության կանխավարկածի նոր խախտումների։
Ի՞նչ ենք տեսնում այսօր․ մի քանի ամսվա ընթացքում նման հրապարակային արտահայտությունների արդյունքում հասարակության շրջանում հայցվորի՝ Ռ․ Քոչարյանի վերաբերյալ ձևավորվել է բացասական կարծիք և սերմանվել ատելություն։ Նման հայտարարությունները, ինչպես տեսանք, մեծապես ազդել են նաև դատական համակարգի անկախության վրա, ինչն էլ փաստեցին գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները։
Alternativ.am-ի հետ զրույցում պաշտպանն Ալումյանն ասաց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման տեքստն ամբողջությամբ դեռ չի ստացել։ Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումները խուսափողական էին, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր էր հայցի ապահովման միջոց ձեռնարկել․ «Ես տեսնում եմ հին ավանդույթի շարունակությունը, երբ դատարաններն ուղղակի չեն ցանկանում հարաբերությունները փչացնել իշխանության ղեկին գտնվողների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը