17 12 2018

Պետությանը գույք նվիրաբերողների արարքն օրինական հիմք չունի․ փաստաբան․ 168․am

Պետությանը գույք նվիրաբերողների արարքն օրինական հիմք չունի․ փաստաբան․ 168․am

168․am-ը գրում է․ «Վերջին ամիսներին ականատես ենք լինում, որ նախկին պաշտոնյաներից մի քանիսը պետությանն են նվիրաբերում իրենց պատկանող անշարժ գույք կամ խոշոր գումար։

հետ զրույցում փաստաբան Նորիկ Նորիկյանն անդրադառնալով այս թեմային, նախ նկատեց, որ նշված բոլոր պաշտոնյաների մասով, առերևույթ նրանց կողմից իրականացվող հանցավոր արարքների վերաբերյալ պետք է ընթանա ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախաքննություն՝ օբյեկտիվ և բազմակողմանի, որից հետո քննության արդյունքներով ձեռք բերված մեղադրական եզարակացությունները պետք է հաստատվեն Դատախազության կողմից և ուղարկվեն ՀՀ դատարաններ, որտեղ պետք է տեղի ունենա բաց ու արդար քննություն։

«Եթե դատաքննության արդյունքում այդ անձինք ճանաչվեն մեղավոր և ՀՀ անունից հրապարակված դատական ակտով ենթարկվեն քրեական պատասխանատվության, դրանից հետո միայն իրավասու դատարանի կողմից հնարավոր է գույքի բռնագրավման վերաբերյալ դատական ակտի կայացում։ Այսինքն՝ նրանց գույքի բռնագրավումը կարող է իրականացվել բացառապես դատարանի միջոցով։ Հետևաբար՝ այդ մարդկանց հրապարակային հայտարարությունները, ցանկությունները, բարի կամքի դրսևորումները չունեն որևէ օրինական հիմք։ Այլ հարց է, որ նվիրատվություն կարող է ձևակերպվել»,- ասաց փաստաբանը։

Նրա կարծիքով, եթե անձը կատարել է առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, և տվյալ անձին մեղավոր ճանաչող միակ սուբյեկտը դատարանն է։ Հետևաբար, այս բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն իրավական հարթության համատեքստում։

Հարցին, թե այս ամենը նախադեպ չի՞ ստեղծում, որպեսզի մարդն ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերի, իսկ հարկ եղած դեպքում այն նվիրի պետությանը և ազատվի քրեական պատասխանատվությունից, Նորիկ Նորիկյանը պատասխանեց, որ այս պահին ամեն ինչ դեռևս հայտարարությունների մակարդակում է, երբ լինի գործարք, հասարակությունը պետք է իմանա, թե կոնկրետ որ արարքի համար է նման գործարք իրականացվել։

Միանշանակ, այն մարդիկ, ովքեր գողացել են պետությունից՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել, պետք է թալանածը վերադարձնեն, բայց վերադարձնելու ընթացքն է շատ կարևոր։ Որպես փաստաբան՝ կարծում եմ, որ այդ ամենը պետք է իրականացվի ՀՀ իրավական ընթացակարգերին համապատասխան։ Այո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սեփականության իրավունքով կարող է իր գույքը նվիրել՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ այս կամ այն սուբյեկտին։

Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք պետք է հասկանանք, թե Վաչագան Ղազարյանը 6 մլն դոլարն ինչից ելնելով է նվիրաբերելու պետությանը, իսկ մեկ տարի առաջ չէր նվիրում։ Այդ պատճառով էլ այդ մարդկանց գործերը պետք է գնան դատարան»,- ընդգծեց փաստաբանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

Yerevan.Today-ը ևս անդրադարձել էր կասկածելի նվիրաբերումներին՝ «Ինչո՞ւ հանկարծ որոշեցին միլիարդներ կտակել պետությանը» նյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ