15 12 2018

Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի, գաղտնալսումների, իր ընտանիքի բիզնեսների և այլնի մասին

Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի, գաղտնալսումների, իր ընտանիքի բիզնեսների և այլնի մասին

Դեկտեմբերի 15-ին  Ծաղկաձորում կազմակերպած սեմինարի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ մի շարք հարցերի: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՄԻԵԴ դիմելու որոշմանը, նշեց՝ ինքը շահագրգռված է, որ երկրորդ նախագահի  պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ և ստանան իրենց հուզող հարցերի պաստախանը:

«Ես չեմ ուզում որևէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ն այն կառուցն է, որ այդ հարցի պատասխանը կտա»,- ասաց նա:

Անդրադառնալով իր՝ առաջին փոխվարչապետ նշանակվելու վերաբերյալ լուրերին՝ Վանեցյանը նշեց․ «Ինձ հետ որևէ մեկը չի խոսել, աշխատանքի փոփոխության հետ կապված որևէ առաջարկ՝ ի դեմս  վարչապետի պաշտոնակատարի ես չեմ ստացել և ես շարունակելու եմ իմ ծառայությունը, որպես ԱԱԾ տնօրեն»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ  դեռ երկար տարիներ կշարունակի պաշտոնավարել:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Պրահայում հայտնաբերված եղբորորդու վերաբերյալ հարցին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ Նարեկ Ալեքսանդր Սարգսյանի էքստրադիցիայի հարցն առաջիկայում կլուծվի և նա կկանգնի դատարանի առաջ: 

Անդրադառնալով մեծ հնչեղություն ստացած երկու գաղտնալսումներին, Արթուր Վանեցյանը նշեց, որ Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում բոլոր հարցերի պատասխանը կտրվի: «Այս պահին դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է բովանադակությանը, ուզում եմ ասել, որ խոսակցությունը մոնտաժված է, ինչը կապացուցվի նաև փորձաքննությամբ: Եթե այդ գաղտնալսումներին չարձագանքեի, ինձ որևէ մեկը ոչինչ չէր կարող ասել, կարող էի ասել՝ սուտ է ու գնայինք առաջ։

Որևէ մեկը չի կարող հիմնավորել դատական մարմիններում, որ սա իմ խոսակցությունն է: Բայց ես նույն վայրկյանին լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ այդ մասին խոսել եմ: Իմ խոսակցությունների մեջ որևէ բառ չեմ ասել, որից կարող է երբևէ ամաչել, որևէ խոսք չի եղել, որը կարող է ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը: Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գաղտնալսում իրականացնող անձինք կհայտնաբերվեն և կկրեն օրենքով նախատեսված պատիժ, իսկ եթե կլինի մի բան, որի համար պետք է պատասխան տա ինքը, ապա պատրաստ է պատասխանել իր ցանկացած խոսքի համար:

«Եկեք գաղտնալսման թեման այսքանով փակենք, քանի որ իմ ցանկացած խոսք և պատասխան հետագայում դառնում է ցանկացած մեկնաբանությունների առարկա: Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են, կամ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսել, կամ ձեզ, ի՞նչ տարբերություն, նույն իրավունքները մենք ունենք, որով մեզ օժտել է ՀՀ Սահմանադրությունը»,-շեշտեց Վանեցյանը: Լրագրողների դիտարկմանը, որ իրենց գաղտնալսելուց չեն լսի այն, ինչ ԱԱԾ պետին, ԱԱԾ պետը ժպիտով պատասխանեց. «Ձեզ գաղտանլսելուց ավելի շատ բան կլսեն: Ես հեռախոսով պետական գաղտնիքի մասին չեմ խոսել»:

Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսը փոխանցել է անկախ փորձագիտական մարմնին, որը վերծանել է բջջայինի բոլոր հավելվածները, ինչն էլ ապացուցում է, որ  դատավորի հետ չի խոսել. «Գործը քննող որևէ դատավորի չեմ ճանաչում»:

Պատասխանելով իր ընտանիքի հետ կապվող բիզնեսների մասին հարցին, մասնավորապես՝ արդյո՞ք ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ զբաղվում է նաև իր հարազատների բիզնեսներով, նաև Զիմֆիրա Վանեցյանի՝ օֆշորում գրանցված բիզնեսով, Վանեցյանը նշեց, որ Զեմֆիրա Վանեցյանն իր հորեղբոր կինն է և 1989 թվականից չի բնակվում Հայաստանում, բնակվում է Ժնևում։ «Ես բիզնես չունեմ, խոշոր գործարար է եղբայրս՝ Կարեն Վանեցյանը, ով նույնպես ՀՀ քաղաքացի չէր,  ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի՝ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Նա ևս բիզնես գործունեություն չի ծավալում ՀՀ-ում, ՀՀ-ում չէ 1989 թվականից»,- ասաց Վանեցյանը։ Նա ասաց,որ Կարեն և Արմեն Վանեցյանները խոշոր գործարարներ են, բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում, Իրաքում, Իրանում, Սերբիայում և հետաքննող լրագրողները կարող են հետաքննել նրանց գործունեությունը։

Ինչ վերաբերում է օֆշորային գոտում գրանցված բիզնեսներին, Արթուր Վանեցյանն ասաց. «Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ։ Դա բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից։ Ես բիզնես գործունեություն չեմ ծավալում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ