13 12 2018

Ոստիկանությունը պատասխանում է ԱՄՆ դեսպանատանը

Ոստիկանությունը պատասխանում է ԱՄՆ դեսպանատանը

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: ՀՀ ոստիկանությունը հարցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,-ասված է ոստիկանության պարզաբանման տեքստում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հետևյալ հայտարարությունն էր տարածել. «Տոնական օրերին ընդառաջ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգոնություն դրսևորելու մասին, քանի որ Հայաստանում կարող է աճել հանցագործությունների հավանականությունը, ինչպես օրինակ՝ գողության, գրպանահատության, բնակարանային կողոպուտի: Տոնական օրերին վտանգ կա նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և անհատների գործողությունների առումով, որոնք առաջնորդվում են Եվրոպայում տարածված ծայրահեղական գաղափարախոսությամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ