Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Մեծ Բրիտանիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը խոսում է ՀՀ նախագահի անձեռնմխելիության, 2008թ․ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափության, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից անմեղության կանխավարկածը խախտելու մասին։
Առաջին հարցը, որին ուզում եմ անդրադառնալ վերաբերում է Նախագահի ֆունկցիոնալ անձեռնմխելիությանը: Սահմանադրության 56.1-րդ հոդվածն ընձեռում է անձեռնմխելիություն Նախագահին` իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չհետապնդվելու և պատասխանատվության չենթարկվելու իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Այդ տեսակի անձեռնմխելիությունը ճանաչված է թե' Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և թե' միջազգային իրավունքում:
Արտակարգ դրություն հայտարարելու Նախագահի իրավասությունը երկրի Նախագահին ընձեռված դասական լիազորություն է: Այսինքն` Նախագահն ունի ֆունցիոնալ անձեռնմխելիության կոնկրետ այդպիսի գործողությունների համար: Այս սկզբունքը ճանաչված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքում. եթե Նախագահը գործել է իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում, ապա նա պետք է ունենա ֆունցիոնալ անձեռնմխելիություն: Ավելին` ըստ իս, նախկինում Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված անձեռնմխելիությունը եղել է ճիշտ և պետք է շարունակի գործել:
Երկրորդը, արդյո՞ք ՀՀ Սահմանադրության համաձայն Նախագահն ուներ իրավասություններ հայտարարելու արտակարգ դրություն: Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն` համաձայն Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ մասի: Իմ կարծիքով առկա էին ողջամիտ հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու, և Հանրապետության Նախագահը ուներ գնահատման բավական լայն հայեցողություն` արդյոք կիրառել արտակարգ դրություն` հաշվի առնելով հանգամանքները:
Ես կարծում եմ` Նախագահի կողմից արտակարգ դրության շրջանակներում կիրառված միջոցառումները եղել են համաչափ, ժամանակի մեջ սահմանափակված և իրագործվել են միայն Երևան քաղաքում: Ավելին` առկա է ապացույց, որ եղել է հանրային կարգին սպառնացող վտանգ, որը սպառնում էր դեմոկրատիայի հիմքերին:
Իմ կարծիքով Նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն, որն իրականացվել է համաչափ և ողջամիտ` միջազգային իրավունքին համապատասխան: Ավելին` պետք է հիշել, որ Ազգային ժողովը հաստատել է Նախագահի կողմից հայտարարված այդ արտակարգ դրությունը:
Վերջում ուզում եմ անդրադառնալ մի շարք հայտարարությունների, որոնք արվել են Գործադրի կողմից, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով հայտարարել է, որ պրն. Քոչարյանը մեղավոր է և մարդասպան: Դա խախտում է անմեղության կանխավարկածը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելել է նմանատիպ հայտարարություններ անելը բարձրաստիճան ղեկավարների կողմից` համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի:
Վարչապետը նաև քննադատել է դատավորներին, մասնավորապես` այն դատավորին, ով ազատ է արձակել պրն. Քոչարյանին` ասելով, որ դատական համակարգը աշխատում է մեր դեմ: Նմանատիպ հայտարարությունները Վարչապետի կողմից խաթարում են իշխանությունների տարանջատման սկզբունքը և սպառնում են իրավունքի գերակայությանը: Դրանք հակասում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և չեն հարգում դատական իշխանության անկախությունը և իրավունքի գերակայության սկզբունքը, որոնք էական նշանակություն ունեն Սահմանադրության գործողության ապահովելու համար:
Հարկ է նշել, որ անմեղության կանխավարկածի խախտումը խորապես հուսալքող է, իսկ դատական իշխանության նկատմամբ սպառնալիքները` ամբողջապես անընդունելի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը