04 12 2018

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ կներկայացնեն Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ կներկայացնեն Սահմանադրական դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաննեից Հայկ Ալումյանը:

Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաեւ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։ Քոչարյանի պաշտպանների կարծիքով թե՛ նախկին, թե՛ գործող հոդվածներում առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում։

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հաջորդ միջնորդությունը, որը Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են ներկայացնել դատարանին, վերաբերվում է Վճռաբեկ դատարանում ներկայացված այն տեսանյութին, որտեղ ըստ նրանց՝ երեւում է, թե ինչպես են ցուցարարները Մարտի 1-ին կրակում: Ալումյանը նշեց, որ միջնորդելու են դատարանում հետազոտել այդ տեսանյութը.

«Պետք է նայենք դատարանում որոշ մեկնաբանություններ անենք եւ տեսնենք թե մյուս կողմը ինչպես է մեկնաբանում»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Վերաքննիչ դատարանում այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ