03 12 2018

Իսրայելում հայկական կեղծ դիպլոմների գործով 40 բուժաշխատող է կալանավորվել



Իսրայելի ոստիկանությունը բերման է ենթարկել 40 բուժաշխատողի, որոնց կասկածում են աշխատանքի ընդունվելիս ավարտական կեղծ դիպլոմներ ներկայացնելու մեջ, որոնք ստացել են հայկական բուհերում: Այս մասին հայտնում է իսրայելական Newsru.co.il-ը` վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

Ինչպես հաղորդվում է, իրականացվել է «Սպանության լիցենզիա» գործողությունը, ինչի շրջանակներում էլ բերման են ենթարկվել բուժաշխատողները: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ այս անձինք համապատասխան կրթությունը լիարժեք չեն ստացել, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտականությունները, սակայն ստացել են համապատասխան հավաստագրերը:

Հետաքննությունն սկսվել է, երբ պացիենտներից մեկը առողջապահության նախարարություն անանուն բողոք է հղել՝ իրեն բուժող բժշկի մասնագիտական հմտությունները կասկածի տակ դնելով:

Երկար ժամանակ հետաքննությունը գաղտնի է պահվել և միայն այն ժամանակ, երբ ոստիկանության ձեռքի տակ եղել են բավարար ապացույցներ, կասկածյալները, որոնց մեծ մասն արաբներ են, կալանավորվել են:

Կասկածյալները սովորել են Հայաստանի տարբեր բուհերում՝ «Սուրբ Թերեզա», «Մխիթար Գոշ», «Հայբուսակ»: Խաբեբայի օգնությամբ նրանք ընդունվել են այդ բուհեր, կարճ ժամանակ այնտեղ սովորել, ապա ստացել դիպլոմ՝ կրթության ավարտի մասին:

Sputnik.ru-ի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածների մի մասն էլ նման դիպլոմներ ստացել է Վրաստանում:

Կասկածյալների տներում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է գրականություն այն մասին, թե ինչպես բժշկական համալսարաններում դժվարությունների հանդիպող ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայկական կամ վրացական համալսարաններում:

Կասկածյալները կկանգնեն դատարանի առաջ;

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ