01 12 2018

Ընտրական հանցագործության 6 դեպքով նյութեր են նախապատրաստվում

Ընտրական հանցագործության 6 դեպքով նյութեր են նախապատրաստվում

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան ընթացակարգեր, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների  մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են ԿԸՀ-ից, պատգամավորության թեկնածուից և ընտրություններին մասնակցող կուսակցությունից, իսկ 3-ը եղել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն ներկայացված հաղորդումներ:

Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որոնցով իրականացվում են ստուգողական գործողություններ:

6 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Մնացած 4 ահազանգերի ուսումանսիրությամբ դրանցում բացակայել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշները: 

Հիշեցնենք, որ կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել և գործում է աշխատանքային խումբ՝ ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ