13 11 2018

Արդարադատությունը չի սկսվում միայն դատարանում. Արա Զոհրաբյան

Արդարադատությունը չի սկսվում միայն դատարանում. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ մեծ է դատավորի դերը, հատկապես արդարադատության ոլորտում կոռուպցիան վերացնելու հարցում: Եթե կաշառքի պահանջարկ չլինի, ապա առաջարկները վաղ, թե ուշ կվերանան:

Իշխանափոխության համատեքստում, երբ դատավորներն անուղղակիորեն համարվում են «սև», շատ վտանգավոր են հինը քանդելու և նոր համակարգ ստեղծելու քաղաքական տրամադրությունները: Վրաստանի մեր փաստաբան գործընկերները Մ. Սաակաշվիլու պաշտոնավարման ժամանակահատվածում շատ էին դժգոհ դատական համակարգից:

Վրաստանի նորաթուխ դատավորները, որպես կանոն, կաշառք չէին վերցնում, բայց հլու-հնազանդ ծառայում էին գործադիր իշխանություններին: Ընդ որում, մոտ 200 փաստաբանի նկատմամբ այդ ժամանակահատվածում քրեական գործեր էին հարուցված:

Խնդիրը կարելի է լուծել գործող համակարգի պայմաններում՝ բարեփոխումների միջոցով:

Առաջին հերթին պետք է մտածել դատավորների անկախության մասին: Մասնավորապես՝

1. Պետք է լուծել դատավորների նյութական ապահովվածության հարցը՝ առնվազն բարձրացնելով նրանց աշխատավարձերը: Դատավորների աշխատավարձի բարձրացման համար բյուջեից ավել տրվող գումարները որոշ ժամանակ անց մի քանի անգամ բազմապատկված կվերադառնան բյուջե՝ օտարերկրյա և տեղական ներդրումների, ինչպես նաև արդար, մրցակցային և պաշտպանված շուկայի ակտիվացման հաշվին:

2. Անկախությանը խոչընդոտող հանգամանք է նաև վատ անցյալը: Եթե նույնիսկ դատավորին ասեն. «դու այսօրվանից անկախ ես և որևէ խնդիր չունես», ապա միևնույն է՝ նույն դատավորին կարող են հիշեցնել իր հին մեղքերը (եթե այդպիսիք կան): Հետևաբար, պետք է հնարավորություն տալ դատավորներին ամեն ինչ սկսել նոր էջից:

Վստահ եմ, որ դատավորների մեծ մասը սիրով կաշխատի նոր կանոնով: Այս անցումային շրջանում պետք է նաև այնպիսի պատասխանատվության մեխանիզմներ ներդնել, որպեսզի նոր կանոնը խախտած դատավորները հեռանան համակարգից:

3. Դատավորների անկախության համար կարևոր է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին դատարանին ներկայացվող միջնորդությունների ժամանակագրությունը գրանցող վստահելի համակարգի ներդրումը:

Երկրորդ հերթին պետք է մտածել դատավորների գիտելիքները կատարելագործելու մասին: Ընդ որում, դատավորներին «զտելու» համար չի կարելի ատեստացիա անցկացնել (որակավորումը որոշել): Սա ուղղակի հարված կլինի դատավորների անկախությանը:

Երրորդ հերթին պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի դատարանները բեռնաթափվեն: Միշտ էլ քանակը ազդում է որակի վրա: Օրինակ՝ վարչական դատարանում վարչական մարմնի դեմ (հօգուտ քաղաքացու) կայացված դատարանի վճիռը պետք է բողոքարկման ենթակա չլինի, որոշ բացառություններով: Սա արդեն կբեռնաթափի չափից դուրս ծանրաբեռնված վերաքննիչ վարչական դատարանին»:

Որպես հետգրություն Արա Զոհրաբյանը հավելել է. «Արդարադատությունը չի սկսվում միայն դատարանում: Արդարադատության մյուս օղակներն (փաստաբանությունը, դատախազությունը) էլ լուրջ դերակատարում ունեն: Ուղղակի պետք է յուրաքանչյուրն իր գործը կարողանա բարեխիղճ անել:

Փաստաբաններն ուզում են տեսնել արդար, ուժեղ, պրոֆեսիոնալ և ճնշումներին դիմացող դատավորներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ