ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի բաժնի մի խումբ ծառայողներ իրենց գործողություններով նպաստել եւ մասնակցել են, որպեսզի ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալված ոստիկանության նույն բաժնի երեք ծառայողների հարազատներն ու ընկերները 2018 թ. հոկտեմբերի 20-ին տեւական ժամանակ փակեն Երեւան-Սեւան ճանապարհը:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների կողմից ճանապարհը փակելու, գործադուլ կամ անհնազանդության ակցիա իրականացնելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:
Միաժամանակ պարզվել է, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ նույն վարչության Սեւանի բաժնի ղեկավար կազմի մի խումբ ծառայողներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ ենթակա անձնակազմի հետ անհրաժեշտ աշխատանքներ չեն տարել վերջիններիս կարգապահության ամրապնդման ուղղությամբ, այդ աշխատանքների նկատմամբ չեն ցուցաբերել հետեւողականություն, ինչպես նաեւ թերի են իրականացրել ենթակա ծառայողների գործառութային պարտականությունների նկատմամբ հսկողությունը, ինչի արդյունքում ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, տեղեկանալով իրենց գործընկերների հարազատների կողմից Սեւան-Երեւան ճանապարհը փակելու հանգամանքի մասին, առանց ղեկավարությանը զեկուցելու եւ առանց համապատասխան հանձնարարական ստանալու, մեկնել են ճանապարհի փակված հատված, ինչի հետեւանքով տեղում նախապես պատշաճ ծառայություն չի կազմակերպվել, որն էլ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ նույն վարչության ղեկավար կազմի մի շարք ծառայողներ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը