16 10 2018

Սահմանային ռեժիմը խախտելու համար 2 անձ է ձերբակալվել. ԱԱԾ

Սահմանային ռեժիմը խախտելու համար 2 անձ է ձերբակալվել. ԱԱԾ

Հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, հոկտեմբերի 12–ին պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս-ն (ծնված 1982թ.) և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն (ծնված 1964թ.), ովքեր տվյալ տարածքում զբաղվել են որսորդությամբ: Վերջիններիս մոտ հայտնաբերվել են օրինական գրանցված որսորդական ողորկափող հրացաններ:

ԱԱԾ–ից հայտնում են, որ համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Ա.Ս-ին եւ Ա.Մ-ին հանձնել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, անօրինական գործունեության հանգամանքները պարզաբանելու նպատակով:

Հարկ է նշել, որ նմանատիպ դեպք վերջերս արձանագրվել է նաեւ ՀՀ պետական սահմանի հարավային հատվածում: Ս.թ. սեպտեմբերի 18-ին, հայ-իրանական սահմանի տեղամասում՝ Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհին, սահմանապահ զորքերի զինծառայողները ձերբակալել են սահմանային շերտ անօրինական մուտք գործած 5 անձանց՝ զինված երկփողանի ողորկափող որսորդական հրացաններով, որոնցից 2-ը եղել են ապօրինի:

Վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են 12 տրամաչափի 20 հատ եւ 16 տրամաչափի 78 հատ փամփուշտներ, 5 փասիան եւ 15 կաքավ տեսակի թռչուններ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որից հետո վերոնշյալ 5 անձինք եւ նրանց մոտ հայտնաբերված իրերը փոխանցվել են ԱՀ ոստիկանության Հադրութի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, քաղաքացիների անօրինական գործունեության հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացք տալու նպատակով

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ