12 09 2018

Հիշատակված դատավորի նկատմամբ առվազն պետք է դիտարկվի լիազորությունների դադարեցման հարցը․ Վարդևանյան

Հիշատակված դատավորի նկատմամբ առվազն պետք է դիտարկվի լիազորությունների դադարեցման հարցը․ Վարդևանյան

Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդական, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին օգնական Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, ներկայացնեմ իմ որոշ արդեն կուտակված մասնագիտական և իրավական նկատառումները հնարավորինս հակիրճ․

1) Անմեղության կանխավարկածը սահմանադրական սկզբունք է և իմ կարծիքով հասարակական հարաբերության գերակայող արժեք: Սկզբունքի գործողությունը չպետք է լինի սելեկտիվ, բացառություններով, այլ մշտապես գործող ելակետային մոտեցում՝ առանձ բացառությունների, բոլոր դեպքերով՝ աղմկահարույց թե ոչ: Նշվածը բոլորիս վարքագծի կանոնը պետք է լինի:

2) Սահմանադրական նորմի իրավական հետևանք առաջացնող մեկնաբանություններ կարող է տրամադրել բացառապես մեկ մարմին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը: Իրավական ակտի սահմանադրականությունը կարող է որոշել միայն մեկ մարմին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը: ՀՀ երկրորդ նախագահի դատավարության ընթացքը, հաշվի առնելով սահմանադրական լրջագույն իստիտուտների առկայության հարցը՝ կարող է որոշվել միայն սահմանադրական արդարադատության իրականացման միջոցով: Կարևորելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որն արձագանք է առաջին ատյանի որոշման՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու հարցը բավարարելու դեպքում պետք է դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Ցանկացած այլ մեկնաբանություն չի կարող ունենալ իրավական հետևանք, հատկապես իրավունքի սահմանափակման հանգեցնող:

3) Անձնագիրը վերցնելու վերաբերյալ՝ պատասխանը շատ հստակ է՝ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանվել է իրավականդիրքորոշում առ այն, որ հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում: Պետք է ընդգծել՝ ՀՀ սահմանադրական դատարանը՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նշված հարցի վերաբերյալ կարգավորումը՝ սակայն ՍԴՈ-1360 որոշմամբ ՀՍՏԱԿ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ, որով արգելել է առանց խափանման միջոցի առկայության վերցնել անձնագիր:

Իրավական դիրքորոշումները իրենց ազդեցությամբ ըստ էության համարժեք են՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու որոշումներին, պարզապես նման որոշումը ընդունվում է այն դեպքերում, երբ ինքնին իրավական նորմը խնդրահարույց է և/կամ գործնական մեկնաբանման արդյունքում առաջացնում է խնդիրներ, սակայն առկա չէ օրենսդրական միջամտության հարցը:

Արդյունքում խնդիրը հաղթահարվում է իրավական դիրքորոշման ընդունմամբ, որը իր իրավական ուժով, բնույթով պարտադիր կատարման ենթակա է: Հետևաբար առանց խափանման միջոցի որոշման անձնագիր վերցնելը օրինական չէ և արգելվում է:

4) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը նույնիսկ բողոքարկման պարագայում չի ենթադրում դրա իրավական հետևանքների կասեցում: Անձեռնմխելիության սկզբունքի ամրագրման դեպքում, քանի դեռ այլ դիրքորոշում չի ընդունվել՝ խափանման միջոց կիրառելու իրավական հիմքերը լուրջ խնդիր են առաջացնում:

5) Քննիչի, դատախազի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է: Արգելքը վերաբերում է առհասարակ բոլորին: Պարզապես քննիչի դեպքում դատախազը կարող է տալ օրինական ցուցումներ, որոնք քննիչի կողմից կարող են բողոքարկվել: Դատարանի՝ արդարադատության իրականացմանը ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև Եվրոպական մի շարք այլ երկրների օրենսդրությունները սահմանում են, ոչ թե հստակ մեթոդներով, այլ առհասարակ ցանկացած ձևով միջամտելու արգելք:

6) Հայտի ձայնագրությամբ հիշատակված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ առվազն պետք է հարուցվի կարգապահական վարույթ, ավելի հստակ՝ դիտարկվի լիազորությունների դադարեցման հարցը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ