07 09 2018

Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը

Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ Հայաստանը հայտարարել էր ԱՊՀ միջպետական հետախուզում, այնինչ ՌԴ տարածքում հետախուզումից հանվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշում է ընդունվել ՌԴ տարածքում նրա հետախուզման չեղարկման մասին»: Այսպիսով, Ռուսաստանում «շնորհազրկված գեներալին ոչ մի բան չի սպառնում»: Սակայն, ինչպես նշել է աղբյուրը, ԱՊՀ երկրներում Հարությունյանի հայտնվելու դեպքում նա կարող է կալանավորվել և Հայաստանին հանձնվել:

Աղբյուրը ճշտել է, որ պաշտպանության նախկին նախարարին կալանավորելու և հանձնելու հարցումը Մոսկվայում ստացվել է վերջերս՝ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով: Ստացված կալանքի օրդերում նշված է անգամ ռուսական մայրաքաղաքում մեղադրյալի տան հասցեն:

Ավելի վաղ գործակալությանը մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանի արտահանձնումը կմերժվի, քանի նա 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նշենք, որ Հայաստանի ոստիկանությունը ՌԴ-ի կողմից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը չեղարկելու վերաբերյալ գրություն է ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ