24 08 2018

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Մարաթուկ» տուրիստական ընկերությունում

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Մարաթուկ» տուրիստական ընկերությունում

«Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցները»,- Iravunk.com-ի հետ զրույցում ասել է «Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանը. «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցներ և առանց պատճառաբանության խուզարկություններ են իրականացնում: Գործակալությունում այդ պահին եղել են նստած հինգ-վեց հաճախորդ, ովքեր տեսնելով զինված անձանց թողել դուրս են եկել, սա ինչ խայտառակություն է: Այնպես են ներս մտել, ասես վտանգավոր հանցագործի են պատրաստվում վնասազերծել: Հրել են կնոջս և տղայիս, կնոջս ձեռքից խլել են ձեռքին եղած դրամապանակլը, ասելով, իբր փորձում է թուղթ փախցնել: Էս որ դարում ենք ապրում ես չեմ հասկանում: Նախ սկզբում չներկայացան, տպավորություններ, որ գողական աշխարհի ներկայացուցիչ է իրենցից մեկը»:

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ օգոստոսի 23-ին «Iravunk.com» լրատվական կայքում հրապարակված «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատակիցները» վերնագրով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է  գտնվում ընկերության տնօրենը:

ՊԵԿ աշխատակիցները տնօրենին ներկայացրել են խուզարկություն իրականացնելու դատարանի որոշման օրինակը: «Մարաթուկի» ղեկավարը, սակայն, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով, որ չի թողնի խուզարկություն իրականացնել ընկերությունում: Միաժամանակ, նա սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ և հայտարարել, որ կհրավիրի ԶԼՄ ներկայացուցիչների՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել դատարանի որոշմամբ իրականացվելիք օրինական գործողությունները:

ՊԵԿ աշխատակիցները տեսնելով, որ հնարավոր չէ հանդարտեցնել վրդովված տնօրենին և իրավիճակն ավելի է լարվում, հետագա բարդությունները կանխելու նպատակով հրավիրել են ՊԵԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների, որոնք, բնականաբար, զինված չեն եղել: Սակայն վերջիններիս կողմից որևէ գործողություն չի կատարվել, քանի որ իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ