09 08 2018

Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ միջնորդության քննումը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ միջնորդության քննումը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը ժամը 12:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- նշեց Ալումյանը:

«Հիմա մեղադրող կողմն է մեր միջնորդության վերաբերյալ իր առարկությունները ներկայացնում»,- հավելեց նա:

Նրա խոսքով, քննիչի առարկությունները շատ չեն տարբերվում առաջին ատյանում ներկայացվածից:

Փաստաբանները ներկայացրել են երկու վերաքննիչ բողոք՝ 27 և 21 էջ ծավալով:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում ունեցած ելույթին՝ Հայկ Ալումյանն ասաց. «Երկրորդ նախագահը խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հետագայում հրապարակել»:

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ ասաց, որ չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ դռնփակ դատական նիստ էր: «Արգումենտների մի մասը հասցրեցինք քննարկել, ամբողջությամբ նիստը չի ավարտել, որովհետև բոլոր կողմերը դեռ չեն հասցրել դիրքորոշումներ ներկայացնել: Չգիտեմ՝ դատարանը վաղը կհասցնի՞ ավարտել: Եթե հասցնի, կունենանք որոշում, եթե չհասցնի, ըստ էության կանցնի երկուշաբթի»,- ասաց փաստաբանը և հավելեց. «Արգումենտներն ամբողջությամբ չենք լսել, լսելուց հետո դիրքորոշում կհայտնենք: Տպավորությունները դրական են, ակնկալիքները դրական են, հիմքեր չեմ տեսնում, որ դրական չլինեն»:

Նշենք, որ նիստը մեկնարկել էր օգոստոսի 9-ին, ժամը 12-ից և տևել 8 ժամից ավելի:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության, սակայն նրան առաջադրվել էր մեղադրանք, իսկ հաջորդ օրը դատարանը բավարարեց կալանավորման միջնորդությունը:

ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունը մերժել էր պատգամավորների միջնորդությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ