09 08 2018

ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահամյանի դեմ մեղադրանք առաջադրելու մասին

ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահամյանի դեմ մեղադրանք առաջադրելու մասին

«Նոր անձանց դեմ մեղադրանք դեռևս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրության»,-այս մասին օգոստոսի 9-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝մեկնաբանելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին լուրերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է:

Նշենք, որ օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից խուզարկություն էր կատարվել Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված՝ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում, որի արդյունքում հայտնաբերվել էր ապօրինի պահվող  մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։

ՀՔԾ պետը կառավարության նիստից հետո ևս պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանքին, Սասուն Խաչատրյանն ասաց, թե Արմեն Գեւորգյանին «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա չէ մեղադրանք առաջադրվել:

««Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել։ Անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը նրա կողմից հանցանք կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է։ Քրեական դատավարության օրենսգրքով թվարկված ապացույցների ցանկից դուրս այլ փաստական տվյալ չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»,– նշեց նա: Իսկ թե ինչ ապացույցներ կան, չասաց:

Հարցին, թե թիվ 0038 հրամանն ինչու չի հրապարակվում, Սասուն Խաչատրյանն ասաց, որ հրամանը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է պաշտպանության նախարարությանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հարցաքննության մասին ասաց, թե հարցաքննվելու են բոլոր նրանք, որոնք կարող են տեղեկատվություն ունենալ Մարտի 1-ի գործի վերաբերյալ։ Դա, ըստ նրա, կորոշի նախաքննությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ