03 08 2018

46 ուսումնասիրություն, 25 քրգործ, 36 հայց. Դատախազության կիսամյակային արդյունքները

46 ուսումնասիրություն, 25 քրգործ, 36 հայց. Դատախազության կիսամյակային արդյունքները

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների հաղորդումները, ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունները, ՀՀ դատախազության աշխատանքի ծրագրերը, ԶԼՄ հրապարակումները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետական մարմիններին ներկայացվել է 16 միջնորդագիր՝ պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 93 մլն. դրամի վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, պետական միջոցների ստացման, արդյունավետ օգտագործման գործընթացում արձանագրված խախտումների, բացթողումների վերացման վերաբերյալ:

Ի թիվս այլոց՝ միջնորդագրեր ներկայացվել են ընդերքօգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումներ կատարելու,  շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարումներ կատարելու, ընդերքօգտագործողների կողմից պետական տուրքի գծով վճարումներ կատարելու վերաբերյալ:

Բացի այդ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման  գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր մոտ 1 մլրդ 966 մլն դրամի չափով պարտավորությունների չկատարման փաստեր, ինչի կապակցությամբ ձեռնարկվում են դատախազական ներգործության միջոցներ, այդ թվում՝ արդեն իսկ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հարուցվել է 1 քրեական գործ՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով պետությանը շուրջ 148 մլն. դրամի չափով վնասի պատճառման փաստով:

Ուսումնասիրությունների ընթացքում դատախազության նախաձեռնությամբ կամովին վերականգնվել է պետությանը պատճառված 31.573.759 դրամ վնաս:

Այս կապակցությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվել են ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու նախազգուշացումներ: Բացի դրանից՝ համապատասխան գրություններով վարչությունը դիմել է նշված ոլորտներում վերահսկողության լիազորություններով օժտված իրավասու պետական մարմիններին տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստանալու համար:

Հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ Վարչության դատախազների կողմից հարուցվել է 13 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 1 մլրդ. 917 մլն. դրամ: 23 դեպքով ուսումնասիրությունների արդյունքները՝ պետությանը պատճառված ընդհանուր 525 մլն. 988 հազ. դրամ վնասի վերաբերյալ, ուղարկվել են  քննչական մարմիններ, որտեղ դրանցով հարուցվել է 12 քրեական գործ: Այսինքն միայն ՀՀ գլխավոր դատա¬խա¬զու¬թյան պետական շահերի պաշտպանության վարչու¬թյան կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 2 մլրդ. 442 մլն. 807 հազ. դրամ:

Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու և պաշտոնական անփութություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով:

Նույն հատկանիշներով երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում /լուծարված/ և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում, մեկը՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, երկուսը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագորման և հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստերի կապակցությամբ:

Պաշտոնական անփութություն կատարելով ծանր հետևանքներ առաջացնելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ մշակույթի նախարարությունում արձանագրված խախտումների արդյունքներով:

Պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է Եղվարդ համայնքում նավթավերամշակման գործարանի կառուցման գործընթացում արձանագրված խախտումների փաստի առթիվ:

Վերոնշյալից բացի, յուրացման կամ վատման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների կապակցությամբ:

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարանի կողմից բավարարվել է 12.243.764 դրամի մեկ հայցադիմում, ևս 36 հայցի  դատաքննություն՝ ընդհանուր 716.707.850 դրամ հայցապահանջով, դեռևս ընթացքի մեջ է:

Նախորդ ժամանակաշրջանում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ