19 07 2018

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը 3 միլիոն դրամ են հափշտակել. ՔԿ

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը 3 միլիոն դրամ են հափշտակել. ՔԿ

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը ձերբակալվել են: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին Քննչական կոմիտեում ստացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վ.Նալբանդյանի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:

Բացի այդ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաև նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։ Նախնական տվյալներով՝ կատարված հափշտակության հետևանքով պատճառված վնասը կազմում է 3 մլն դրամ:

Հուլիսի 19-ին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը և պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվել՝ հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ