14 07 2018

Բանակի կիրառումը չի կարող որակվել որպես փաստացի ռազմական դրության հաստատում. արդարադատության նախկին փոխնախարար

Բանակի կիրառումը չի կարող որակվել որպես փաստացի ռազմական դրության հաստատում. արդարադատության նախկին փոխնախարար

«168 ժամ» թերթը հարցազրույց է անցկացրել փաստաբան, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հետ:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

- 2018թ. հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու առթիվ: Որքանո՞վ եք հիմնավորված համարում ՀՔԾ այս որոշումը: Բազմաթիվ իրավաբաններ պնդում են, որ այն խնդրահարույց է, մասնավորապես՝ այն տեսանկյունից, որ փաստորեն՝ հաշվի չեն առնվում ԿԸՀ որոշումները և նույն թվականի մարտի 8-ի ՍԴ որոշումը:

- Դժվար է ամբողջական գնահատական տալ ՀՔԾ որոշման հիմնավոր լինելուն, քանի որ բացահայտված չէ դրա լրիվ բովնդակությունը, հայտնի չէ, թե ինչ փաստերով և ապացույցներով է ՀՔԾ-ն հիմնավորում այն:

Եթե անդրադառնանք այն քննարկումններին, թե արդյո՞ք իրավաչափ է քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասի կիրառումը, պետք է նշեմ, որ այդ հոդվածով ամրագրված հանցակազմն առկա է եղել նաև մինչև 2008-ը և ներառված էր Քրեական օրենսգրքի՝ «Պետական իշխանությունը յուրացնելը» 300-րդ հոդվածում, ընդ որում՝ ավելի լայն ծավալով: Եթե նախկինում նախատեսված էր, որ արգելվում են սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, այսինքն՝ պարտադիր չէր, որ սահմանադրական կարգը տապալվի, այլ միայն դրան ուղղված գործողությունները քրեորեն պատժելի էին, ապա այժմ պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու համար, ընդ որում՝ հստակեցված է, որ դա կարող է կատարվել միայն Սահմանադրության 1-5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի փաստացի վերացմամբ:

Այսինքն, միայն Սահմանադրության 8.2 հոդվածի հնարավոր և ենթադրյալ խախտումը՝ զինված ուժերը քաղաքական հարցում ներգրավելը, չի կարող հիմք հանդիասանալ այս հոդվածով քրեական պատասխանատվության համար, եթե դրանց արդյունքում չեն խախտվել նշված մյուս հոդվածները:

Բնականաբար, մեղադրանք առաջադրելու համար հատուկ քննչական ծառայությունը պետք է ունենա բավարար ապացույցներ այդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ: Փոքր-ինչ խնդրահարույց կարելի է համարել քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ տարածած պաշտոնական հաղորդագրության բովանդակությունը, քանի որ դրանով կարատարվել են բավական պատասխանատու հայտարարություններ, օրինակ՝ որ կատարվել են մեծածավալ ընտրախախտումներ կամ առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը և այլ նման արտահայտություններ:

Այս փուլում դժվար է պատկերացնել ապացույցների այն ծավալը, որով կհաստատվեն այդ հայտարարությունները, բայց և նախաքննության գաղտնիության պայմաններում վերջնական գնահատական տալ այս պահին հնարավոր չէ:

- Փաստահավաք խմբի եզրակացությունը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ ԶՈւ կիրառել արտակարգ իրավիճակի ժամանակ և այդպիսով խախտել է սահմանբադրությունը:

- Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2012-ին: Այդ օրենքը նախատեսում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում զինված ուժերը ներգրավելու հնարավորություն, այն էլ՝ կոնկրետ որոշակի պայմաններում, օրինակ՝ ռեժիմային, հատուկ ռեժիմային և հատուկ պահպանվող օբյեկտների պահպանության համար, կամ անօրինական զինված միավորումների դեմ պայքարի համար, և այլն:

2008թ. իրավական համանման կարգավորում առկա չի եղել, և միակ հիմքն արտակարգ դրություն հայտարարելու համար կարող էր լինել ՀՀ սահմանադրության նորմի ուղղակի կիրառումը: 2005թ. Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀ նախագահն իրավունք ուներ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարել արտակարգ դրություն, իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին: Նույն նորմով նախատեսված էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

Մասնագիտական բոլոր հակասությունները վերաբերում են հենց այս սահմանումներին. մի կողմից՝ Նախագահն իրավունք ունի հայտարարել արտակարգ դրություն, սակայն դրա պայմաններն օրենքով կարգավորված չեն, որևէ կերպ նշված չէ, թե ինչ միջոցներ կարող են կիրառվել արտակարդ գրության պայմաններում: Զինված ուժերի կիրառման իրավունք նույն ժամանակ Սահմանադրությունը հստակ նախատեսում էր ռազմական դրության դեպքում, սակայն ռազմական դրություն կարող էր հայտարարվել միայն ՀՀ-ի վրա հարձակման պայմաններում: Միակ հիմնավորումը, որ Նախագահը կարող էր ներգրավել զինված ուժերի, «իրավիճակից թելադրվող միջոցառումներ» սահմանումն է, որը սահմանադրաիրավական գնահատման կարիք ունի, առկա են և հիմնավորող, և մերժող մասնագիտական կարծիքներ:

Միևնույն ժամանակ, միանշանակ չէ՝ ինչ կարգավիճակով են զինված ուժերը ներգրավվել 2008թ. փետրվարի վերջի և մարտի սկզբի դեպքերին: Ինչքանով որ առկա է տեղեկատվություն, զինված ուժերը կայազորից դուրս միայն պահպանել են որոշակի պետական շենքեր և օբյեկտներ: Նաև համոզված չեմ, որ կան ապացույցներ, որ զինված ուժերն ուղղակիորեն ներգրավվել է այլ գործընթացների:

Սակայն խնդիրն այն է, որ ներկայում հարուցված քրեական գործի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությամբ նշվում է ոչ թե արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի կիրառման ոչ իրավաչափ լինելու, այլ փաստացի ռազմական դրություն հաստատելու վերաբերյալ, ինչը կրկին հիմնավոր ապացուցման կարիք ունի: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե ռազմական դրության ժամանակ զինված ուժեր կիրառելու իրավունք առկա է, և բացառված չէ այլ դեպքերում զինված ուժերի կիրառումը, ապա ֆորմալ տրամաբանության շրջնակներում զինված ուժերի կիրառումը չի կարող որակվել որպես փաստացի ռազմական դրության հաստատում:

Հարցազրույցը վարել է Արմինե Վարդանյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ