26 06 2018

ՊՊԾ պետի նախկին առաջին տեղակալը կասկածվում է ապօրինի հարստանալու մեջ



25.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։  Վաչագան Ղազարյանի ձերբակալության մանրամասների հետ կապված հաղորդագրություն է տարածել ԱԱԾ–ն.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին:

Վերջինս, բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև   436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը:

Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ: Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ: Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ