08 06 2018

Պաշտոնյաների անփութությունը պետությանն արժեցել է 168 մլն դրամ

Պաշտոնյաների անփութությունը պետությանն արժեցել է 168 մլն դրամ

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարա­հանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ: Արդյուն­քում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտում­ների համար նշանակված տուգանքների ընդհանուր 168090000 ՀՀ դրամ գումարն արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձանց անվամբ:  Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները՝ պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Փաստացի ավտոմեքենաների սեփականատեր հանդիսա­ցող անձինք խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանք­ներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը, իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ 15 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելով, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ նշված գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատես­ված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նշենք, որ սա նման բնույթի թվով հինգերորդ քրեական գործի հարուցումն է:  Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում մանրակրկիտ ուսումնասիրվում են ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է:

Արձանագրված մյուս խախտումները հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով ՀՀ ոստիկանություն և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն ուղարկված գրություններին ի պատասխան ստացված լրացուցիչ փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա գնահատական կտրվեն արձանագրված մյուս խախտումներին, կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ, մասնա­վորա­պես՝ պետական շահերի խախտման պատճառների և նպաստող պայ­ման­ների վերացման վերաբերյալ կներկայացվեն միջնորդագրեր: Կարող են հարուցվել նոր քրեական գործեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ