31 03 2018

Երկու օրում չորս գյուղապետ է ձերբակալվել

Երկու օրում չորս գյուղապետ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա համայնքների ղեկավարները՝ պաշտոնեական կեղծիքներ, յուրացումներ կատարելու կասկածանքով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Միխայլովկա համայնքում չարաշահումներ են կատարվել պարարտանյութերի բաշխման, իսկ Ձյունաշող համայնքում՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում, պարզվել մեխանիզմը և դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Միխայլովկա համայնքում հափշտակվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացված պարարտանյութերի վաճառքի դիմաց համայնքի մի շարք բնակիչներից ստացված գումարը՝ պատճառելով խոշոր չափի վնաս: Իսկ Ձյունաշող համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում մի շարք բնակիչներ ընդգրկվել են տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն չի հատկացվել, այլ յուրացվել է։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական աջակցության ծրագրի  շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են համայնքների ղեկավարների անմիջական մասնակցությամբ՝ 2014-2016 թթ., ինչը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել են բովանդակությամբ կեղծ համապատասխան փաստաթղեր և դրանք հանձնել Լոռու մարզպետարանին:

Այդ տարիներին Միխայլովկա համայնքի ղեկավարն է եղել Լևոն Դիլբարյանը, Ձյունաշող համայնքի ղեկավարը՝ Գարի Գրիգորյանը, ովքեր ներկայումս Մեծավան համայնքի ներկայացուցիչներն են նշված գյուղերում։ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով Գ.Գրիգորյանը և Լ.Դիլբարյանը մարտի 30-ին ձերբակալվել են և հարցաքննվել։

Վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Շիրակի մարզի դատախազությունն էլ տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմնացուի ձեռքբերման և բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել է չարաշահումներ: Հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով ձերբակալվել է երկու նախկին գյուղապետ:

Ուսումնասիրություն կատարվել է մարզի 47 համայնքում, որից 17-ում ակնհայտ խախտումներ են հայտնաբերվել: 2018 թվականի մարտի 27-ին հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի ներկայացուցիչ Արտավազդ Արսենյանի և Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի ներկայացուցիչ Վահրամ Սաղաթելյանի նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնակի խոշոր չափի՝ 3 մլն դրամից ավելի գումարի յուրացման փաստով:

Գումարի հափշտակման, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով ևս երեք քրեական գործ է հարուցվել:

Այս անձինք, որոնք նշված համայնքների գյուղապետերն էին մինչ խոշորացումը, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքների բնակիչների հասանելիք սերմացուն կամ գումարը, 2012-2016 թվականների ընթացքում համանյքների բնակիչների տվյալներ են ներառել պետական աջակցության ցանկում, մի մասի գումարներն էլ չեն փոխանցել պետբյուջե:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ