16 12 2024

Արցախցի կնոջը կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Արցախցի կնոջը կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Արցախցի կնոջը, որը մեղադրվում էր Երևանում բողոքի ակցիաների մասնակցելու մեջ, դատարանը չի կալանավորել, սահմանվել է այլ խափանման միջոց։

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած արցախցին։

Այժմ պարզաբանում եմ, որ նշածս փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված վարույթի շրջանակում արցախացի կնոջը մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։

Մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Մեղադրյալը զոհված զինծառայողի դուստր է, ով 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ