Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ:
Նիստը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգով, այն քննելու է դատավոր Գոռ Գասպարյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ փոխանցելով դատական դեպարտամենտից ստացած տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար: Արդո՞ք Առուշանյանի բողոքը սրա հետ կապ ունի, պարզ չէ, անցած շաբաթ, երբ փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել էր, որ Պրոբացիայի ծառայության քայլերն ապօրինի են, հենց Առուշանյանն էր պնդել, թե չի կիսում փաստաբանի տեսակետը:
«Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ Պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,- ասել էր Առուշանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը