ՊԾ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 8-ի կեսգիշերին Աշտարակի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 49-ամյա վարորդը, մեքենան ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխելու ճանապարհին, պարեկներին գումար է առաջարկել: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:
Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
Գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել երկու այլ դեպքի մասին ևս․դրանցից մեկով, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկու ծառայող մարտի 21-ի առավոտյան կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների երեք խախտման վերաբերյալ չեն կազմել արձանագրություն. վարորդն ազատվել է վարչական պատասխանատվությունից: Հետագայում ծառայողն ընդունել է վառելիք տալու վարորդի առաջարկը և վերցրել այն:
Բացի այդ, մայիսի 9-ի երեկոյան նույն գումարտակի մեկ այլ պարեկ, տեղեկանալով, որ մի քաղաքացի իր «Օպելով» խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, արձանագրության մեջ մուտքագրել է կեղծ տեղեկություններ և վարչական պատասխանատվության է ենթարկվել վարորդի ընկերը:
Ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը