Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատավարությանն ու դատախազների մոտեցումներին։
«Դատախազները տանջվում են արդարության, իսկ մենք՝ անարդարության պատճառով։
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դատական նիստում շատ հետաքրքիր վիճակ էր։
Դատախազները որևէ կերպ այդպես էլ չեն կարողանում համակերպվել այն իրողությանը, որ հնարավոր է արդարադատությունն իրականացնի օբյեկտիվ դատավորը։ Նրանք որևէ կերպ չեն հարմարվում փաստաբանների հետ հավասար կողմ լինելու իրողությանը։
Այսօր շատ հետաքրքիր զգացողություն ունեի․ դատախազները տանջվում էին այնպես, ինչպես մենք, փաստաբաններս ենք տանջվում գրեթե բոլոր դատական նիստերին։ Բայց մի շատ կարևոր տարբերություն կա մեր ու դատախազների մեջ․ մենք այդպես կռիվ ենք տալիս անարդարության դեմ, որին գրեթե ամենօրյա ռեժիմում ենք ականատես լինում, իսկ իրենք, դատախազները՝ արդարության և օբյեկտիվության դեմ են կռվում։
Այս ժամանակների դատախազները ի բնե չեն կարողանում համակերպվել օբյեկտիվ դատավորի գոյությանը։ Այսպիսի դեպքերում այդ դատախազներից պահանջվում են մասնագիտական կարողություններ և փորձի առկայություն»,- գրել է Արսեն Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը