04 06 2024

1․7 մլն դրամ․ հերթական կաշառքի դեպքը

1․7 մլն դրամ․ հերթական կաշառքի դեպքը

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1,700,000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում: 

Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100,000-ից 1,000,000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1,700,000 ՀՀ դրամ): 

Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 435-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) , իսկ Մ. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին էլ մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ