18 03 2024

40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ գանգատներից

40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ գանգատներից

Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունները պահանջում են ՀՀ Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

Կազմակերպությունները խիստ մտահոգիչ և անընդունելի են համարում ՀՀ կառավարության և  Ազգային ժողովի ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները։

Հասարակական կազմակերպությունների պահանջը բխում է հետևյալ հիմնավորումներից՝

Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,

Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչը իրական հնարավորություն է տալու հասնել խախտված իրավունքների վերականգնմանը,

Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ է տալու խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար,

Խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատև, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որևէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաև կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները,

ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով,

Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է եւ քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն եւ արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։

Եվ դա տրամաբանական է, որովհետեւ երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ինչի՞ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարեւոր է նաեւ մեր ասելիքը եւ օրակարգը առաջ մղելու համար»։ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին օրերս նշել էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որեւէ պայմաններում անընդունելի, եւ ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որեւէ պայմաններում եւ հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից եւ՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), եւ՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

Նման պահանջ բխում է հետեւյալ հիմնավորումներից՝

- Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որեւէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով եւ դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,

- Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչը իրական հնարավորություն է տալու հասնել խախտված իրավունքների վերականգնմանը,

- Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ է տալու խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար,

- Խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատեւ, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որեւէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաեւ կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները,

- ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով,

- Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է հստակ պարտավորություն՝ իր

իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։

Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴ-ում վերաբերում են բացառապես հարյուր հազարավոր անձանց մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող քաղաքականություն։

Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, եւ հայերի դեմ հանցագործությունները եւ մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։ Ադրբեջանում հայատյաց քաղաքականության հիմնավորումները եւ ապացույցները բազմաթիվ են՝ հաստատված ինչպես ՄԻԵԴ վճիռներով, այնպես կամ Միավորված ազգերի կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների մարմինների եւ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների եւ սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացման միտումով։

Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը լրացվել է «Արեւմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ եւ առաջմղմամբ, ինչն ուղիղ եւ անթաքույց սպառնալիք է Հայաստանի Հանրապետութան տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված դատական գանգատները որեւէ կերպ չեն կարող որակվել որպես տարածքային պահանջներ որեւէ երկրի նկատմամբ։ Դրանք բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված, իսկ դրանց ներկայացումը ներկայիս համատեքստում ոչ միայն իրավունք է, այլեւ պարտավորություն։ Մարդու իրավունքների զանգվածային եւ համակարգային խախտումները չեն կարող համարվել պետության ներքին գործը, եւ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով իրավական մեխանիզմների կիրառումը որեւէ կերպ չի կարող որակվել որպես պետության տարածքային ամբողջության նկատմամբ ոտնձգություն կամ ներքին գործերին միջամտություն։

Պետություններն ունեն պաշտպանության պարտավորություն, եւ Հայաստանի Հանրապետությունը ունի առաջնային պարտավորություն պաշտպանելու իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային եւ համակարգային խախտումներից։ Ներկայացված բոլոր գանգատները Հայաստանի այս պարտավորության կատարումն են եւ դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով ոչ միայն ակնհայտ հետընթաց է, այլեւ հրաժարում իր ստանձնած հանձնառություններից եւ պարտավորություններից։

Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների անպատժելիության, ինչը նաեւ իր միջազգային պարտավորությունների ուղղակի խախտում է հանդիսանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների խախտում եւ դրանց կատարումից հրաժարում։

Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների եւ բռնի անհետացման, խոշտանգումների եւ այլ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքնության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու եւ այլ հիմնարար իրավունքների խախտումների, որոնցից հրաժարվելու պայմաններում անձինք, ում իրավունքների պաշպտանության համար այդ հայցերը ներկայացվել են, զրկվելու են իրավունքների պաշտպանության որեւէ արդյունավետ միջոցից հենց Հայաստանի Հանրապետության պատճառով, քանի որ այս դատական ատյանները միակ արդյունավետ միջոցն են Ադրբեջանի դեմ։

ՄԻԵԴ մի շարք վճիռներով արդեն իսկ արձանագրել է, որ հայ ազգի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը չունի իր խախտված իրավունքների պաշտպանության որեւէ միջոցի հասանելիությունը Ադրբեջանում։

Որեւէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որեւէ գործողություն չի կատարել եւ չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու եւ երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։

Ավելին, խաղաղության պայմանագրի գործընթացում հրապարակայնորեն քննարկվող սկզբունքներում եւս ակնարկ չկա որեւէ մեխանիզմի կամ երաշխիքի, որ Ադրբեջանը ստանձնում է պատասխանատվություն այդ խախտումների համար եւ քաղաքականությունը փոխելու հանձնառություն, ինչը կարեւորվել էր նաեւ ՀՀ կատարած այցից հետո Ճշմարտության, արդարության հատուցման եւ չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը։

Ավելին, դա ուղերձ է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, որ ապագայում ցանկացած իրավունքների խախտման դեպքում չակնկալել Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանությունը եւ քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի դեմ՝ դրանով տալով նաեւ հստակ ուղերձ Ադրբեջանին։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների եւ հանցագործությունների համար տոտալ անպատժելիության եւ նոր խախտումների եւ հանցագործությունների։

Միջպետական գանգատներից հրաժարումը խաթարելու է իրավապաշտպան գործունեությունը միջազգային ատյաններում, քանի որ Կառավարության այս գործելակերպն ընկալվելու է որպես իրավունքից կամ պահանջից հրաժարում՝ խթանելով ադրբեջանական նարատիվների հաստատումը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ներքոստորոգրյալ հասարակական

կազմակերպությունները պահանջում են.

- Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որեւէ պայմաններում եւ հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից եւ՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,

- շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել եւ պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման եւ պաշտպանության ուղղությամբ։

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

«Առաքելություն Հայաստան» ՀԿ

«Արցախի Թեքեյան մշակութային միություն» ՀԿ

«Ստեփանակերտ» մեդիա-ակումբ

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հասարակական խորհուրդ

«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ

«Արցախի արվեստագործների միություն» ՀԿ

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Աջակցություն արցախահայությանը» ՀԿ

«ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Դիզակ Արտ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Քաղաքացիական հաբ» ՀԿ

«Տուն-տեղ» ՀԿ

«Հայաստանի սոցիալական ուսումնասիրությունների անկախ կենտրոն» ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ