12 03 2024

Ավագանու անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի դատարանում

Ավագանու անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի դատարանում

Հայկ Մարությանին եւ ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի վարչական դատարանում և հետագայում՝ Սահմանադրական դատարանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը:

Հայտարարությունում ասվում է. «Հրավիրում ենք Հայաստանում գործող լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն աջակցող պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը։

2024 թվականի փետրվարի 7-ին Երեւանի քաղաքային իշխանության որոշմամբ «նիստերին բացակայելու» անհիմն պատճառաբանությամբ, Երևանի ավագանու կազմից հեռացվեց նախկին քաղաքապետ, ընդդիմադիր ամենամեծ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության լիդեր Հայկ Մարությանը և ավագանու ընդդիմադիր ևս երկու անդամներ։

Մինչդեռ, մինչ այդ Հայկ Մարությանը քանիցս հայտարարել էր, որ ավագանու նիստերին իր չներկայանալը քաղաքական դիրքորոշում է և ավագանում առկա կոնֆիգուրացիայի պայմաններում միակ քաղաքական գործիքը՝ ընդդիմանալու իշխանության նախաձեռնած որոշումներին։

Հատկանշական է, որ իշխող մեծամասնությունը բացակայությունների հիմքով ավագանուց հեռացրել է միայն երեք անդամների, թեև իրենք իսկ խոստովանել են, որ կարող էին հեռացնել շատ ավելի շատ մարդկանց՝ սրանով իսկ բացահայտելով այս գործողության զուտ քաղաքական, ոչ թե «կարգապահական» դրդապատճառը։ Այս ապօրինի գործողությունը կվիճարկվի վարչական դատարանում և հետագայում՝ Սահմանադրական դատարանում։

Ինչևէ, արդեն մարտ ամսին, Երևանում հանրային տրանսպորտի սակագների բարձրացման խնդրահարույց որոշման հրատապ քննարկումից մեկ օր առաջ քաղաքապետարանը հերթական հակաօրինական և հակաժողովրդավարական որոշումն է կայացրել։ Բանն այն է, որ, օգտվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 7-րդ կետի ընձեռնած հնարավորությունից («Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք»), ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը մարտի 11-ին դիմել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ խնդրելով հնարավորություն տալ խմբակցության փաստացի ղեկավար Հայկ Մարությանին ներկա լինել ավագանու՝ մարտի 12-ի նիստին։ Քաղաքապետարանը դիմումը մերժել է՝ հղում անելով 2023թ․ հոկտեբերի 9-ին ընդունված՝ Երևանի քաղաքապետարանի 09.10.2023թ. Հ. 3179-Ա և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի 09.10.2023թ. հ. 63-Ա համատեղ հրամանին, որն արգելում է ավագանու նիստերի օրը «կողմնակի անձանց մուտքը» Երևանի քաղաքապետարան։ Մինչդեռ, այս հրամանը հակասում է ավելի գերակա՝ «Երևւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ դրույթի պահանջին և ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի կարող հիմք հանդիսանալ ավագանու նիստին խմբակցության կողմից հրավիրված անձին քաղաքապետարան մուտք գործելն արգելելու համար։

Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանի այս հերթական հակաօրինական և հակասահմանադրական որոշումը ընդդիմության ձայնը լռեցնելու իշխանության կամայական գործելաոճի շարունակությունն է, որը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և ոտնահարում է մեր խմբակցությանը ձայն տված շուրջ 44 000 երևանցիների իրավունքը։ Խստորեն դատապարտում ենք այս ռեպրեսիվ վարքը և կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանն ու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն աջակցող պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին հստակ գնահատական տալ կատարվողին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ