08 01 2024

Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ՍԴ դատավոորի թեկնածու առաջադրի

Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ՍԴ դատավոորի թեկնածու առաջադրի

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի նախագահին վերապահված լիազորության ուժով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը 2024 թվականի հունվարի 5-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին գրություն է ուղարկել՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՍԴ-ից։

Սահմանադրության 213-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Արաիկ Թունյանի լիազորությունները դադարելու փաստի բերումով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հերթը դատավորների ընդհանուր ժողովինն է, որը պարտավոր է ՍԴ նախագահի գրությամբ տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեկամսյա ժամկետում Ազգային ժողովին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:

Հիշեցնենք, որ Արաիկ Թունյանի լիազորությունները դադարել են սույն թվականի հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ, իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։
Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ