ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը շարունակում է անցկացվել դռնփակ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը դռնբաց անելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է:
«Սա իրավաչափ չէ, դատարանը նույնիսկ պատճառը չնշեց, թե ինչու է մերժում մեր միջնորդությունը. Նշեցինք, որ այս գործն ունի հանրային հնչեղություն և, այո՛, ուզում ենք, որ հասարակությունը ներկա լինի և տեսնի, թե այս դատական նիստին ինչ է տեղի ունենում: Մեր միջնոդրությունը դեռ չավարտած դատարանն առհասարակ թույլ չէր տալիս մեր խոսքը ավարտենք, առարկենք, նույնիսկ չներկայացրեց պատճառաբանություն, թե ինչու է մերժում մեր միջնորդությունը«,-ասաց փաստաբանը՝ հավելելով. «Իրավաբանության հետ աղերս չունեցող երևույթներ են տեղի ունենում, որը պաշտպանական կողմի համար անհասկանալի է»:
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը կալանավորված է։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, նույնպես մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը