01 09 2023

Բացահայտվել են մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու դեպքեր



ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության  բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացրել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում բացահայտվել  են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր։

Այսպես, 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում  ստուգվել է  130-ից ավելի ՀՀ ներմուծված՝ հիմնականում վրացական պետհամարանիշերով ավտոտրանսպորտային միջոց: Ավտոմեքենաներից 16-ը հանձնված է եղել այլ անձի, ընդ որում, մի քանի մեքենաների դեպքում տրված են եղել նոտարական վավերացմամբ լիազորագրեր։ Նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են  ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետև ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։

Իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի հատկանիշներով և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով: Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են հայտարարատուի կողմից փոխանցվել այն անձին, որին սեփականության իրավունքով պատկանում է տրանսպորտային միջոցը, ինչպես նաև առանց մաքսային մարմնի թույլտվության և առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը փոխանցել նրա ծնողներին, երեխաներին, ամուսնուն  կամ կնոջը։ Նշված արարքների խախտումը, այդ թվում՝ նոտարական լիազորագրերի հիման վրա մեքենաների հանձնումը նախատեսում է վարչական պատասխանատվություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ