24 08 2023

Աննա Վարդապետյանին նորից դատի են տվել

Աննա Վարդապետյանին նորից դատի են տվել

Արմավիրի մարզի դատախազության նախկին դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Աշոտ Մարտիրոսյանը, որը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր դատախազությունում իրականացված գաղտնալսումների հետևանքով, պահանջում է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին Աննա Վարդապետյանի՝ 312-Ա հրամանը։ Գաղտնալսումներից հետո հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ վարույթ է հարուցվել ու հանձնաժողովն առաջարկել էր նրա նկատմամբ ամենախիստ կարգապահական տույժը` պաշտոնից ազատումը, ինչն էլ կիրառվել է:

Այժմ Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը և աշխատանքից ազատելու մասին Վարդապետյանի հրամանը։ Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանը և Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը պաշտոնից ազատվել են՝ դատախազությունում հենց Աննա Վարդապետյանի հովանավորությամբ իրականացվող գաղտնալսումների արդյունքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ