Հայտարարություն
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ միաձայն դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած արդարադատության նախարարի ու փաստորեն նաև ԲԴԽ-ի կարծիքով՝ դատավորն էական կարգապահական խախտում էր թույլ տվել՝ հրապարակայնորեն կասկածի տակ առնելով դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ, կարծիք էր արտահայտել և պաշտպանել իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։
Դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ մամուլում հրապարակված միջնորդությունից պարզորոշ երևում է, որ գործադիր իշխանությունը հիմք է ընդունել հանրային հնչեղություն ունեցող խնդրով դատավորի կարծիքն արտացոլող լրատվամիջոցների հրապարակումները։ Փաստացի դատավորը պատժվեց համակարգային խնդիրները վեր հանելու, կարծիք հայտնելու համար:
Վերահաստատում ենք մեր նախկին դիրքորոշումը, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ, քանի որ վերագրվող արարքի համար դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։
Ցավոք, իշխանությունները կրկին անտեսեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների և մասնագիտական խմբերի կոչերը, որոնցով հորդորում էինք հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից։
Երեկվա իր որոշմամբ՝ ԲԴԽ-ն վերածվեց պատժիչ կառույցի՝ հանրությանը հետայսու զրկելով ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։
Հայտարարությունը բաց է ստորագրման համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը