04 01 2023

Աննա Վարդապետյանը շարունակում է նկատողություններ հայտարարել. հերթը Կոտայքի մարզի դատախազինն էր

Աննա Վարդապետյանը շարունակում է նկատողություններ հայտարարել. հերթը Կոտայքի մարզի դատախազինն էր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում (նախկինում՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

«Տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ  Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազը (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ), լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, դատական երկու գործերով առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի, ինչպես նաև Ն.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ համաձայնեցման վարույթների շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմերի հետ համաձայնության է եկել ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

Հարկ է ընդգծել, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով (նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով):

Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ևս՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ