ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը տվյալ պահին եղել է չբնակեցված:
2022թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն և տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջև, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված անձինք ինքնակամ ներկայացրել են վերոնշյալ հասցեներում թաքցրած իրենց մասնաբաժինները:
Նշանակվել է դատանյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Կատարվել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, այդ թվում հայտնաբերված շուրջ 12,5կգ ընդհանուր քաշով ոսկու ձեռքբերման աղբյուրները բացահայտելու, օրինականությունը պարզելու և առնչություն ունեցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը