Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարեց դատավոր Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը.
«Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։
Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։
Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։
Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը