Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում այս տարվա ապրիլի 26-ին Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի կողմից վրաերթի ենթարկած 28-ամյա Սոնա Մնացականյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով իրականացված քրեական վարույթի նյութերի էլեկտրոնային տարբերակն արդեն տուժող կողմին է տրամադրվել, քանի որ նախաքննությունն ավարտվել է, իսկ դրանք միայն ՃՈ վարորդի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու են դատարան: Նյութերի ուսումնասիրության այս պահին արդեն ակնհայտ է, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ նույնիսկ դատախազական ներգործության տարբեր ակտերում առկա եզրահանգումներն ինքնին պաշտոնեական հանցագործության վերաբերյալ մեղադրանքի դասական ձեւակերպումներ են հանդիսանում։ Ինքս այս ուղղորդված նախաքննության մասին կխոսեմ առաջիկա օրերին, համապատասխան բողոքի տեքստն ավարտելուց հետո»,- գրել է նա։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջը ու հեռացել դեպքի վայրից: Քննչական կոմիտեն սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Այդուհանդերձ Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը