14 06 2022

Դատարանն այլ բան չունի անելու, քան՝ հետապնդումը դադարեցնել․ Արմեն Գևորգյանի փաստաբան



«Արմեն  Գևորգյանն արդեն մեկ տարի է օգտվում է  ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից , այլև՝ ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունից։ Այս ընթացքում բազմիցս հարցեր ենք բարձրացրել նրա անձեռնմխելիության հետ կապված և նաև դիմել էինք ԵԽԽՎ-ին՝ բարձրացնելով այն հարցը, որ քրեական հետապնդում է շարունակվում Արմեն Գևորգյանի նկատմամբ և, փաստորեն, խախտվում է նրա անձեռնմխելիությունը։ Վեհաժողովի նախագահը հատուկ նամակ է ուղղել տարբեր  մարմիներին, այդ թվում՝ հորդորելով Գևորգյանի պաշտպաններին, որպեսզի իր նամակը տարածեն նաև  տարբեր մարմինների շրջանակներում․ նամակում շատ հստակ ու մանրամասն ներկայացրել է փաստաթղթերը, որոնցով սահմանվում է անձեռնմխելիությունը Արմեն Գևորգյանի, նա  նշել է, որ Գևորգյանը անձեռնմխելիությունից է օգտվում, նաև նշել է, որ  անձեռնմխելիությունը կարող է տարածվել նաև՝  պատգամավորի մանդատից առաջ հարուցված գործերի վրա։ Ուշագրավ է, որ նամակում նաև նշված է, որ անձեռնմխելիությունից կարող է անձը  զրկվել միայն վեհաժողովի կողմից։ Դատարանն այլ բան չունի անելու, քան՝ հետապնդումը դադարեցնել»,-այս մասին ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այսօր դատական նիստի ժամանակ  միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ։ Նա հիշեցրեց, որ Գևորգյանը ԵԽԽՎ անդամ է, օժտված է անձեռնմխելիությամբ և, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ խնդրելով մերժել միջնորդությունը։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 15-ին, ժամը 13։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ