12 05 2022

Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի հանգամանքների բացահայտմանը. փաստաբան

Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի հանգամանքների բացահայտմանը. փաստաբան

ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից ս/թ ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու եմ տուժողի իրավահաջորդ հանդիսացող նրա հոր՝ Մնացական Մնացականյանի օրինական շահերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը, այդպիսով նաև նրա մահվան համար մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությանը հասնելու ուղղությամբ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ