ՀՀ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Տիգրան Սարգսյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մարտի 31-ին բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում, ընդ որում՝ թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Եվս 8 անձի, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Հետագայում, սակայն, մեղադրյալների թիվն ավելացել է, այժմ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 20 անձ։ 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորված են, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը