Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Para TV-ին տրված հարցազրույցում արտահայտած մտքերի համար մարտի 1-ի զոհերի հարազատները (Սարգիս Քլոյան, Վաչագան Ֆարմանյան, Ռուզաննա Հարությունյան, Ալլա Հովհաննիսյան, Էդիկ Հարությունյան, Մարիամ Հովհաննիսյան, Լիլիա Մինասյան, Ջեմմա Վարդումյան, Վարդուհի Բաղդասարյան) հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Մարգարիտա Խաչատրյանի և Սաթիկ Խլղաթյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները:
Ըստ հայցվորների «28․11․2019 թվականին Կառավարության դիմաց տեղի է ունեցել հավաք։ Para TV-ին տրված հարցազրույցում Մարգարիտա Խաչատրյանը կատարել է հետևյալ արտահայտությունները․ «․․․գտնում եք առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածի ընտանիքներում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքների֯ն, ոչ թե օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին տային, իսկ մնացածին չէ․․․» և «․․․ո֯ր հոգաբարձուների խորհրդից երեսուն միլիոն տրամադրեցին, որ նիստով անցկացրեցին, չէ որ նրանք օպերայից մինչև քաղաքապետարան պայքարում էին խանութները թալանելու, երկիրը աղավաղելու և աթոռակռվի համար, հիմա իրանց մեղքերին թողություն անելու համար նրանց տվեցին երեսուն միլիոն․․․»:
Հայցադիմումում նշվել է, որ նույն հարցազրույցի ընթացքում Սաթենիկ Խլղաթյանը կատարել է հետևյալ արտահայտությունը․ «․․․եթե փողոցային վեճերի ժամանակ, կռիվների ժամանակ տրվել է երեսուն միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար երեսուն միլիոնը շատ քիչ էր․․․»:
Հայտնվել է, որ tert.am-ին տրված հարցազրույցում Մարգարիտա Խաչատրյանը ասել է․ «Մենք ցավում ենք, որ փողոցային վեճերի ժամանակ զոհվածների ընտանիքներին գնահատում են, իսկ մեզ չեն գնահատում ու չեն արձագանքում մեր դիմումներին», «․․․դե բերեք հոկտեմբերի 27-ին էլ տվեք, հայը մտավ հային սպանեց, բերեք Սասնա Ծռերի սպանվածներին էլ տվեք երեսուն միլիոն, բերեք փողոցային կռիվների ժամանակ դանակահարվածներին էլ տվեք․․․», ինչպես նաև «․․․վիրավորականա, որ անտեսվել են զոհվածի ընտանիքները և ձեռք են բերել փողոցային կռիվը հրահրողները երեսուն միլիոն գումար․․․»։
«Կոնտրա Լեգեմ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Անի Մուրադյանը և Ալեքսանդր Կոչուբաևը՝ հանդիսանալով պատասխանողների ներկայացուցիչներ դատարան են ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Լսելով կողմերի ներկայացուցիչների դիրքորոշումները դատարանը՝ նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի, վճռել է հայցվորների կողմից ներկայացված պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը մերժել:
Հետագայում՝ վճռի հրապարակումից հետո հայցվորների ներկայացուցիչը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարաններ, սակայն վերադաս դատարանները դատավոր Լիզա Գրիգորյանի կողմից կայացված վճիռը թողել են անփոփոխ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը